Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կյանքն ու վկայությունները

Կյանքն ու վկայությունները
23.02.2016 | 10:06

ԱՆՎՆԱՍ ՄԱՀԱԴԵՂԸ
(Մարկոս 16.18)


Սունդարը հեռանում էր տնից։ ՈՒղեղում պտտվում էին Տիրոջ խոսքերը. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները` բույներ, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»։ Ռուփար քաղաքը տանող անտառը հասնելով` նա ծնկի իջավ և ազատություն տվեց արցունքներին։ Զգալով Երկնային Հոր ներկայությունն ու սերը` նա իր ողջ կյանքը հանձնեց իր Տիրոջը։ Նա կերավ հայրական տնից ստացած աղքատիկ նախաճաշը և Աստվածաշնչից հատվածներ արտասանելով` հասավ Ռուփարում գործող եկեղեցի` իր հին ծանոթներին, հատկապես հովիվ ՈՒփալին այցելելու և հանգիստ առնելու մտադրությամբ։ Նոր էր մտել եկեղեցաշենք, որ անկառավարելի գլխապտույտ զգաց։ Ողջույնի ձայներն ականջների մեջ` գետնին տապալվեց։
Նրան դիմավորող ահաբեկված քրիստոնյաները Սունդարին տեղափոխեցին հովվի տուն։ Կանչեցին հնդիկ ժողովրդական բժիշկ-դեղագործին։ Նա եզրակացրեց, որ Սունդարին թունավորել են, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Քիչ անց Սունդարն ուշքի եկավ, նրան պատմեցին կատարվածը։ Կարճ հարցուփորձից հետո պարզվեց` հայրն էր թունավորել որդու վերջին կերակուրը։ Նա այլ կերպ չէր կարողացել սպանել որդուն։ Որպեսզի Սունդարը տանը չմեռներ ու ինքը չտեսներ որդու չարչարանքները, նրան տնից վռնդել էր` ժողովրդին ու սինգհերին ցույց տալով նրանց հանդեպ իր հավատարմությունն ու կրոնասիրությունը։
Բժիշկը ոչ մի հուսադրող բան չասաց, բացի թունավորմանը հաջորդող նշաններից։ Նա ասաց, որ մի քանի րոպեից հիվանդի մոտ արյունահոսություն կսկսվի, իսկ երեկոյան նա կմեռնի։ Այնուհետև ավելացրեց` եթե երիտասարդը հրաշքով չմեռնի, նորից կայցելի նրան։ Բժշկի հեռանալուց հետո քրիստոնյաները սկսեցին աղոթել` դիմելով Երկնային Բժշկին։ Սունդարի գիտակցությունը դեռ տեղն էր։ «Խնդրո՜ւմ եմ, ջերմեռանդությամբ աղոթեք ինձ համար։ Ես չեմ ուզում մեռնել։ Ես ուզում եմ ծառայել Տիրոջս` ամբողջ աշխարհին պատմելով Նրա մասին»,- աղերսեց Սունդարը։ Որոշ ժամանակ անց, ինչպես սպասվում էր, արյունահոսություն սկսվեց։ Սունդարի գիտակցությունը մերթ մթագնում էր, մերթ մի քանի վայրկյանով վերադառնում։ Եկեղեցու համայնքը` հավաքված Սունդարի մահճակալի շուրջը, ջերմեռանդորեն աղոթում էր Աստծուն։ Օրն ավարտին էր մոտենում։ Հավատացյալները սկսեցին ավելի եռանդով պայքարել իրենց եղբոր կյանքի համար` հզոր աղոթք ու փառաբանություն ուղղելով Տիրոջը։ Հանկարծ արյունահոսությունը դադարեց։ Քիչ անց Սունդարը բացեց աչքերը և նվաղուն ձայնով ջուր ուզեց։ Սա հուսադրեց հավաքվածներին, նրանք ամբողջ գիշեր ծնկի իջած մնացին` մահվան ձեռքերից ուղղակի «խլելով» իրենց հավատակցին։ Առավոտյան, երբ բժիշկը սենյակ մտավ, Սունդարը թեև տկար, բայց խաղաղ պառկած էր։ Երբ բժիշկը նայեց սիրով առկայծող նրա ջինջ աչքերին և լսեց «Քրիստոսն ինձ բժշկեց» խոսքը, սիրտը փոթորկվեց։ Նա հասկացավ, որ գործ ունի զորավոր Աստծո հետ, Ով փրկել էր Իր ընտրյալ ծառային։
Սունդարը խնամքի ու հոգածության կարիք ուներ։ Այդ գործը սիրով հանձն առան բժիշկն ու եկեղեցին։ Այցերի ընթացքում բժիշկն անընդհատ զրույցի էր բռնվում Սունդարի հետ, որպեսզի մանրամասներ իմանա նրա կյանքի և նրա պաշտած Աստծո մասին։ Սունդարը ձեռքից բաց չէր թողնում մի գիրք։ Բժիշկը հետաքրքրվեց, թե նա ինչ է անընդհատ կարդում։ Որոշ ժամանակ անց բժիշկը ևս սկսեց կարդալ Ավետարանը։ Նա հաճախ էր Սունդարի հետ քննարկում Քրիստոսի խոսքերն ու կատարած հրաշքները։ Արդյունքը եղավ այն, որ բժիշկը ևս իր կյանքը Քրիստոսին ընծայեց` Նրան Տեր և Փրկիչ ընդունելով։
Երեք ամիս անց Սունդարը, լիովին ապաքինված, կրկին ուսանեց Լուտանիայի դպրոցում։ Նա ջերմ ընդունելության արժանացավ։ Սունդարի կենդանության լուրը հասավ նաև հորն ու ազգականներին, որոնք արդեն հաշտվել էին նրա մահվան հետ։ Նոր, ավելի կատաղի հալածանքի ալիք բարձրացավ։ Նրան փախցնելու և սպանելու փորձերը եզրափակվեցին միսիոներական կայանի և դպրոցի դեմ ամբոխի խուժանային հարձակումով։ Ոստիկանությանը հրաշքով հաջողվեց հանդարտեցնել արնախում ամբոխին` դեպի օդ մի քանի կրակոց արձակելով և պարագլուխներին մի քանի օրով ձերբակալելով։
Դեպքից ամիսներ անց Սունդարը, խոհերով տարված, նայում էր պատուհանից։ Նկատեց դպրոցի դարպասին մոտեցող մարդուն, որի շարժումներն ու քայլվածքը շատ ծանոթ թվացին։ Երբ մարդը մոտեցավ դպրոցի մուտքին, Սունդարը ճանաչեց հորը։ Նա ծերացած էր, դեմքը կնճռապատ, տանջված, աչքերը փոս ընկած և հուսահատ։ Սունդարն ընդառաջ վազեց հորը։ Նրանք գրկախառնվեցին` դառնագին լաց լինելով։ Հայրն անընդհատ համբուրում էր որդուն և կրծքին սեղմում։ Սունդարը վայելում էր հոր սերն ու հագեցնում կարոտը։ Երբ նրանք արդեն նստած էին պատշգամբում, հայրը, խախտելով երկարատև լռությունը, վերջապես սկսեց խոսել` պատառիկներ հիշելով անցյալից` Սունդարի մորից, որդու երջանիկ մանկությունից, Շիմլայի ամառանոցում անցկացրած իրենց ընտանեկան անմոռանալի օրերից։ Սունդարի մեջ զարթնեց մոր և ընտանիքի հանդեպ կարոտը, և նա սկսեց կարոտով արձագանքել հոր պատմություններին։ Հայրը շարունակեց. «Որդի՛ս, եկել եմ քեզ տուն տանելու։ Դու կարող ես քրիստոնյա մնալ և քո Աստծուն պաշտել։ Մենք քեզ չենք արգելի և չենք անարգի։ Միայն վերադարձիր»։ Սունդարը, զգալով քողարկված վտանգը, հանգիստ նայեց հորը և պատասխանեց. «Հա՛յր, ես ուխտ եմ արել Աստծո հետ, ամբողջ աշխարհին պատմելու Նրա մասին։ Իմ կյանքը հիմա ինձ չի պատկանում։ Ես որոշել եմ հնազանդվել Քրիստոսին` Ավետարանի լույսը հասցնելով յուրաքանչյուր հնդիկի...»։ Երբ հայրը գլխիկոր հեռանում էր, Սունդարը մի պահ ուզեց վազել հոր հետևից, նրա հետ տուն գնալ, բայց նույն պահին զգաց Աստծո անտեսանելի ձեռքը, որն իրեն գամեց կանգնած տեղում։
Ավարտելով դպրոցը, Սունդարը սկսեց շրջել գյուղից գյուղ և քարոզել։ Նա հանգրվանեց Հիմալայների ստորոտում գտնվող Շիմլա ամառանոցային գյուղաքաղաքում։ Այստեղ, 1905 թվականի սեպտեմբերի 3-ին` իր ծննդյան տասնվեցերորդ տարեդարձի օրը, Սունդարը մկրտվեց տեղի անգլիկան* եկեղեցում։ Այդ օրը նա երգեց 23-րդ սաղմոսի բառերի հիման վրա մայրենի լեզվով իր գրած երգը և հաստատեց Աստծո հավատարմությանը իր հավատարմությամբ պատասխանելու ուխտը։ Օրեր անց նա հանեց իր քաղաքացիական հանդերձը և հագավ սադհուի դեղնագույն երկար վերնահագուստ։ Նա առաջին հնդիկ քրիստոնյան էր, ով սադհուի հանդերձով ժողովրդին ներկայացավ որպես քրիստոնյա և որպես հնդիկ ուխտավոր` ներկայացրեց իր Փրկչին։ Տասնվեց տարեկան երիտասարդի համար սա թեև մի տեսակ հանդգնություն էր, բայց արդարացվում էր նրա միակ նպատակով` Քրիստոս քարոզել բոլոր հնդիկներին։ Նա ոչինչ չվերցրեց իր հետ, բացի ծածկոցից ու մայրենի ուրդու լեզվով գրված Ավետարանից։ Նա արտաքնապես աղքատ էր, բայց ներքնապես` հարուստ Քրիստոսով։ Նա Սունդար էր որպես անձ, իսկ որպես քրիստոնյա` Սադհու։

*16-րդ դարում ձևավորված Անգլիկան եկեղեցին 17-րդ դարի սկզբից մինչ օրս Հնդկաստանում լայն գործունեություն է ծավալում «Արևելա-հնդկական ընկերության» միջոցով։ Այսօր Հնդկաստանի բնակչության 20 %-ը քրիստոնեություն է դավանում` հարելով հիմնականում կաթոլիկ, անգլիկան, բողոքական եկեղեցիներին։


Հրապարակման պատրաստեց
Գայանե ԱԹԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 17549

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ